Թումանյանի արվեստը
գալիս է ժողովրդից և ժողովրդականից: Նա կարողացել է թափանցել ժողովրդի հոգու էության
մեջ, գրել այն ամենի մասին, որ հուզել է նրան: Պատանի հասակից մինչև խոր ծերություն,
ինչ տարիքի էլ որ լինի ընթերցողը, համակ հետաքրքրությամբ է կարդում նրա ստեղծագործությունները,
խորանում դրանց հարուստ բովանդակության մեջ: Հարուստ են նաև նրա երկերի գեղարվեստական
միջոցները` պատկերավորման ձևերը, լեզուն, ոճը, կառուցվածքը: Թումանյանի կարծիքով` արվեստը
պետք է լինի աչքի նման պարզ և աչքի նման բարդ: Նրա գործերը հենց այդպիսին են: Դրանք
նմանվում են զուլալ ջրերի հատակում գտնվող մարգարիտների, որոնք թեև դիտողին շատ մոտ
են թվում, բայց իրականում խորքում են: Նրանցում ոչ մի ավելորդ բան չես կարող տեսնել:
Թումանյանի բառերը, պատկերները, թևավոր խոսքերը չափազանց տարողունակ են, բնական, որ
կրկին ժողովրդից ու ժողովրդականից է գալիս: Պարզ ու մատչելի է նրա լեզուն, բայց ոչ
պարզունակ: Նա ընտրում է երևույթն արտացոլող ամենաբնորոշ բառը: <<Խոսքեր ու ձևեր
կան,- ասել է Թումանյանը,- որ իրենց մեջ ամբողջ պատմություն են պարունակում: Էդ տեսակ
խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար – հազար
խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը
հանում մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը արտահայտում մի բացականչությամբ, մի
ածականով կամ մի դարձվածքով>>: Թումանյանը մի ուրիշ առիթով նկատել է, թե բանաստեղծի
համար բառը մի աշխարհ է: Նրա համարյա բոլոր ստեղծագործությունները սերվում են ժողովրդական
բանահյուսությունից: <<Ես իմ լեգենդներն էլ եմ ժողովրդից առել, բոլոր հեքիաթներն
ու զրույցներն էլ եմ ժողովրդից ու ժողովրդականից առել ու միշտ աշխատել եմ, ինչքան կարելի
է, մոտիկ ու հարազատ լինել…>>: Թումանյանի խոստովանությամբ` ժողովրդական նյութից
նոր բան ստեղծելն ու նրան հարազատ մնալն ավելի դժվար է, քան ինքնուրույն գործեր գրելը:
<<Եվ շնորհքը հենց այդ պատմելու մեջ է,- ասել է նա,- որ իմանան ինչը փոխեն, ինչը
դուրս ձգեն, ինչը պահեն>>:
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...
Տերյանի այս ծանր ու դրամատիկ տողերի մեջ երևում է ոչ միայն բանաստեղծի, այլև նրա ժողովրդի ճակատագրի ողբերգական անորոշությունը: Այսուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծը իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:
Комментариев нет:
Отправить комментарий