1920 թվականի նոյեմբերին Հայաստանի
Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության
հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն
Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված
ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները
Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ
Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային
Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ
հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա
հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։
Իջևան են մտնում հայկական հատուկ ապստամբական գունդը և 11-րդ բանակի սրող զորամասեր։
Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով
պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական
սվինների արանքում,
Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին կնքված Երևանի հայ-ռուսական համաձայնագրով։
Պայմանագրի կետերի համաձայն
I. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
II. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
III. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
IV. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
V. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
VI. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։
VII. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։
Комментариев нет:
Отправить комментарий